Արևմտյան մամուլը քննարկում է Սիրիայի նախագահի չհայտարարված այցը Մոսկվա, որ լիակատար անակնկալ էր: «Կրեմլը ցանկանում է ամբողջ աշխարհին ցույց տալ, թե որտեղ է իրականում ընդունվում Սիրիայում խաղաղության հաստատման որոշումը»՝ մեկնաբանում է Die Welt-ը՝ Ռուսաստանի սիրիական քաղաքականությունն անվանելով կամայականություն: Չնայած քաղաքական մերձեցմանը և նպատակների ընդհանրությանը, երկու լիդերներն էլ առաջվա նման միմյանց վերաբերվում են «օտարոտի ու կասկածանքով»՝ հաստատում է NYT-ը: Վերլուծաբանները Սիրիայում քաղաքական կարգավորման հույս ունեն: Ասադի Մոսկվա գաղտնի այցի հինգ դասերի մասին է գրում WSJ-ն:
«Ռուսաստանն օգտագործում է իր ընդլայնվող մասնակցությունը Սիրիայում ռազմական գործողություններին, որպեսզի վերադարձնի համաշխարհային գերտերութան կարգավիճակը և քաղաքական, և ռազմական տեսակետից, որ ուներ ԽՍՀՄ-ը սառը պատերազմի տարիներին»՝ կարծում է իսպանական El Pais-ը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի չհայտարարված այցը Մոսկվա, հավանաբար, վկայում է Կրեմլի առավել սերտ հարաբերությունները Սիրիայի նախագահի հետ, որ հատկապես անհանգստացնում է Թուրքիային՝ գրում է Պիլար Բոնետը: Հաջորդ օրը Պուտինը Ասադի այցի արդյունքները հեռախոսով քննարկեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ասադի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն անհանգստացած է համաշխարհային ահաբեկչության գործողություններից և ոչ պակաս քան 4 հազար զինյալ նախկին խորհրդային հանրապետություններից այսօր Սիրիայում կռվում է կառավարական զորքերի դեմ: Բոնետը նկատում է, որ թվերը տատանվում են (վերջերս Ղազախստանում Պուտինն ասաց՝ 5-7 հազար), բայց փաստարկը անփոփոխ է մնում՝ Պուտինն ասում է, որ Ասադին պետք է աջակցել՝ թույլ չտալու համար այդ զինյալներին հայրենիք վերադառնալ:
«Սիրիա ուղարկելով իր ավիացիան՝ Ռուսաստանն ակտիվ ու մարտական վերադարձավ մի տարածք, որը երկար տարիներ առաջ լքել էր՝ զիջելով ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին»՝ նկատում է հեղինակը:
«Մոսկվա այցի ժամանակ Ասադին սառն ընդունեցին»՝ կարծում են Ստիվեն Լի Մայերսը և Անն Բառնարդը The New York Times-ում. «Թեպետ երեքշաբթի երեկոյան Ասադը գաղտնի ժամանեց Մոսկվա հանդիպման՝ նպատակ ունենալով գնահատել ռազմական գործողությունները Սիրիայում՝ երկու նախագահների անձնական սառը հարաբերությունները մնացին անփոփոխ»:
«Բոլորն էլ ընդունում են, որ երկու լիդերներն առաջվա նման միմյանց վերաբերվում են օտարոտի ու կասկածանքով: Կրեմլը հատկապես նյարդայնանում է Ասադի, ինչպես իրենք են ընկալում՝ մեծամտությունից և Կրեմլի հետ վերջերս հայտնված անհամաձայնությունից՝ արագ սկսել խաղաղ բանակցությունները և ազատ արձակել այլախոհներին, որպեսզի նրանք քաղաքական լուծման մեջ իրենց դերն ունենան»՝ գրում են հեղինակները:
Ռուսաստանը (նախկինում՝ ԽՍՀՄ-ը) սերտ հարաբերություններ ուներ ավագ Ասադի հետ, որոնք թուլացան 1990-ականներին և վերականգնվեցին 2000-ին, երբ Պուտինը և Ասադը գրեթե միաժամանակ իշխանության եկան: «Երկուսն էլ անսպասելի իրավահաջորդներ էին: Քաղաքական այս երկու գործիչները բացարձակապես տարբեր ծագում ունեն ու տարբեր դաստիարակություն են ստացել: Վերլուծաբանների կարծիքով՝ դա խանգարեց սերտ կապեր հաստատելուն, թեպետ իրադարձությունները Սիրիայում ու աշխարհում նրանց պարտադրում են միասին լինել», - նկատում են հոդվածագիրները: Ինչպիսին էլ լինի Պուտինի անձնական վերաբերմունքը Սիրիայի նախագահի նկատմամբ, նա հստակ հասկացրեց, որ Ռուսաստանի նպատակն է աջակցել երկրի կենտրոնական կառավարությանը: «Ասադի այցը Մոսկվա ռուսական ինքնաթիռով, որ գաղտնի մնաց մինչև նրա Դամասկոս վերադառնալը, ընդգծեց՝ որքան մեծ կախում ունի նա Ռուսաստանից ու Իրանից ստացվող աջակցությունից, որ փոխել է ուժերի հարաբերակցությունը Սիրիայի ներսի մի քանի ճակատներում, սակայն շատ քիչ է, որպեսզի պատերազմին վերջ դնի»՝ եզրակացնում են հեղինակները: Պատահական չէ, որ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չպատասխանեց հարցին՝ քննարկվե՞լ է Ասադի քաղաքական ճակատագրի հարցը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ասադի այցի միջոցով Մոսկվան իր ուժն է ցույց տալիս»՝ գրում է Die Welt-ի քաղաքական մեկնաբան Յուլյա Սմիռնովան: Սիրիայի նախագահի այցը Կրեմլի PR հաջողությունն է՝ իր ռեժիսուրայով՝ Կրեմլը ցանկանում է աշխարհին ցույց տալ՝ իրականում որտեղ են ընդունվում Սիրիայում խաղաղության հաստատման որոշումները: Նա պատմում է, որ այցը անսպասելի է եղել լրագրողներ համար, որ հրավիրվել են Կրեմլ սովորական Պուտինի «աշխատանքային հանդիպմանը»: «Коммерсант»-ի տեղեկություններով՝ այցը գաղտնի է պահվել Ասադի խնդրանքով:
Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը կարծում է, որ այդ այցի միջոցով Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ շարունակում է աջակցել Ասադին, իսկ ռազմական գործողությունը կտևի այնքան, որքան ժամանակ կպահանջվի ամբողջ ընդդիմության ոչնչացման համար: «Այս այցը, որ սկզբունքորեն այնքան էլ անհրաժեշտ չէր, ստորացում էր Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և բոլոր նրանց համար, ովքեր պահանջում են Ասադի հեռանալը՝ կարծում է Ֆելգենգաուերը, որ չի հավատում Սիրիայում խաղաղության հաստատմանը: Ավելին՝ Պուտինը ցանկանում է Արևմուտքին ցույց տալ, որ մնում է առանցքային դեմք կոնֆլիկտի հետագա կարգավորման համար: Իբր՝ ով ցանկանում է խոսել Ասադի հետ, պետք է խոսի Ռուսաստանի հետ, իսկ դա ուժեղացնում է Ռուսաստանի դիրքերը բանակցություններում»,-գրում է Յուլյա Սմիռնովան:
Մոսկվայի Կառնեգիի կենտրոնի վերլուծաբան Դմիտրի Տրենինը հավատում է, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունից հետո Սիրիայում կսկսվի քաղաքական կարգավորման փուլը: Նա չի բացառում, որ Ասադի ու Պուտինի հանդիպման ժամանակ կարող էին քննարկվել և քաղաքական հարցեր, առավել ևս, որ վերջերս բավականաչափ քննարկվում էր «տարանցիկ լուծման» տարբերակը: Մինչև վերջերս ռուսական ռազմական գործողությունը հաջողությամբ էր զարգանում, այդ պատճառով Ռուսաստանը կփորձի երկաթը տաք-տաք ծեծել: Տարանցիկ լուծում ասելով Դմիտրի Տրենինը նկատի ունի բարեփոխումները Սիրիայում և քաղաքական գործընթացում բնակչության տարբեր խմբերի ներգրավումը, ոչ թե Ասադի հեռանալը: «Խնդիրը Ասադի փոխարեն նոր ուժեղ դեմք գտնելը չէ, այլ՝ ավելի շուտ՝ տարբեր խմբերին խոսք տալը»:
Ասադի Մոսկվա գաղտնի այցի հինգ դասերի մասին է պատմում Ահարոն Դևիդ Միլերը The Wall Street Journal-ում: Նախ՝ փաստը, որ Ասադը ռիսկի է դիմել Սիրիայից դուրս գալու 2011-ից առաջին անգամ՝ վկայում է նրա վերականգնված վստահությունը հայրենիքում իր վիճակի և Ռուսաստանի հետ կապերի կարևորության մասին: Երկրորդ՝ ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների հակադիր վերաբերմունքը Ասադի նկատմամբ վկայում է ԱՄՆ-ի դերի ու ազդեցության մարգինալացումը Մերձավորարևելյան տարածաշրջանում: Երրորդ՝ թեպետ Սիրիան Պուտինի համար ռիսկի գոտի է, այդ թվում՝ հնարավոր զոհերի առումով, առայժմ նա ցանկություն ունի հասնել էական ազդեցության և անհրաժեշտ ռեսուրսներ ունի դրա համար տեղում: Չորրորդ՝ Ռուսաստանի դերը Սիրիայում արտահայտում է ռազմավարական նոր իրականությունը, որը ներգործում է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերի վրա Մերձավորարևելյան տարածաշրջանում: Վերջապես՝ հինգերորդ՝ «ԱՄՆ-ի ռազմավարությունը Մերձավորարևելյան տարածաշրջանում, համենայն դեպս՝ Սիրիայում, գուցե նաև Իրաքում, լիովին կարող է դառնալ Պուտինի նախաձեռնության պատանդը: Եթե Ռուսաստանը Ասադի գլխավորությամբ ստեղծի անջատ պետություն, ԱՄՆ-ին չի հաջողի հաղթել ԻՊ-ին և պաշտոնանկել Ասադին»՝ կարծում է Ահարոն Դևիդ Միլերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սիրիայի նախագահի մի քանի ժամով Մոսկվա գալ-գնալու մասին միայն հաջորդ օրը իմանալը, թերևս, ոչ միայն Բաշար Ասադի ցանկությունն է եղել, ՌԴ նախագահը ևս հնարավորություն էր ստանում աշխարհին ասել՝ դուք իմանում եք այն և այն ժամանակ, ինչ ես ցանկանում եմ և երբ ես ցանկանում եմ: Իսկ դա նրա համար իսկապես կարևոր է: Բնական է, որ այցի ընթացքում քննարկվել են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խնդիրներ: Եվ՝ իհարկե, տնտեսական: Տարբերակներից մեկն էլ ալավիտական պետության ստեղծումն է, որի համար ոչ այնքան քաղաքական ու ռազմական միջամտություն է պետք, որքան տնտեսական աջակցություն, իսկ այս պարագայում իր խոսքը կարող է Իրանն ասել: Բայց շուտ մի սպասեք, որ մի երեկո էլ Ասադը կհայտնվի Թեհրանում: